Հայ սպառողը սննդամթերք գնելիս առաջին հերթին նախապատվությունը տալիս է տեղական արտադրանքին, սակայն նույնը չես կարող ասել դեղերի մասին։ Հայաստանում արտադրվում են բազմաթիվ դեղեր, որոնք իրենց որակական հատկանիշներով չեն զիջում արտասահմանյանին, իսկ գնային առումով անհամեմատ մատչելի են, սակայն հայ սպառողը տեղեկացված չէ այդ մասին։
Սպառող բնակիչների շրջանում հայկական դեղագործական արտադրանքի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակն ու առկա վերաբերմունքը գնահատելու նպատակով 2008-ին USAID-ի CAPS ծրագիրն ուշագրավ հետազոտություն է իրականացրել սպառողների, բուժաշխատողների և դեղատան ներկայացուցիչների շրջանում: Հարցման մասնակիցների 77 տոկոսը չի կարողացել նշել ոչ մի հայկական դեղամիջոցի անուն, ընդամենը 23 տոկոսն է միանգամից մտաբերել գոնե մեկ դեղամիջոցի անուն: Հարցվածները հիշատակել են 173 դեղանուն: Նրանց 21 տոկոսը հայտարարել է, որ երբեք չի գնել հայկական դեղեր, իսկ 53 տոկոսն անգամ չգիտի` երբևէ իր գնած դեղերի մեջ հայկական դեղ եղե՞լ է, թե՞ ոչ: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սպառողների շրջանում առավել ճանաչված են հիմնականում առաջին բուժօգնության միջոցները, իսկ դրանցից ամենավարկանիշայինն են կատվախոտի, ալոճի, առյուծագու ոգեթուրմերը, ասկոֆենը, նարինեն, յոդը, ալբուցիդը, անալգինը, երիցուկն ու ասպիրինը: Բուժհիմնարկների գնումների պատասխանատուների ներկայացրած պատկերն այլ է. նրանց 84 տոկոսը նշել է, որ հայկական ամենաշատ սպառվող դեղերն են ինֆուզիոն լուծույթները, անտիբիոտիկները, լիդոկայինը, վիտամինները: Ընդ որում, հարցված բժիշկների 96 տոկոսը հիշել է միայն մեկ հայկական դեղամիջոցի անուն: ՈՒսումնասիրության հեղինակները եզրակացրել են, որ արտադրող-բնակիչ կապը շատ թույլ է կամ գրեթե գոյություն չունի, հայկական դեղագործական արտադրանք սպառելու իրական կամ գիտակցված փորձ ունի սպառողների միայն 26 տոկոսը:
Դեղերի շուկայում կա հավերժական մի խնդիր ևս. առանց այն էլ թանկ դեղամիջոցներն օրեցօր է՛լ ավելի են թանկանում։ Ընդ որում, թանկացումների տրամաբանությունը հաճախ անհասկանալի է։ Հազարավոր քրոնիկ և ռիսկային խմբերի հիվանդներ, ովքեր մշտապես կախված են դեղորայքից, գնային այս պայմաններում անելանելի վիճակում են հայտնվել։ Վերջերս ՀՀ վարչապետն իր մտահոգությունն էր հայտնել Հայաստանում դեղերի շուկայում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նա նշել էր, որ վերջին շրջանում այս շուկայում նկատվում է կենտրոնացվածության աստիճանի աճ, ներկրողների թիվը, որոնք գերիշխող դիրք ունեն այսօր դեղերի շուկայում, ավելանում է, ներմուծման և վաճառքի գների տարբերությունը երբեմն լինում է 2-3 անգամ ավելի բարձր: Նրա գնահատմամբ՝ շահութաբերությունը բավականին բարձր է այդ ոլորտում, ուստի պետությունն այստեղ անելիքներ ունի:
Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն ՍԱՄՎԵԼ ԶԱՔԱՐՅԱՆԸ դեղերի բարձր գների մասին մեր դիտարկմանն ի պատասխան նկատեց. «Չեմ կարծում, թե այդ խնդիրն առկա է միայն դեղերի շուկայում։ Այլ ոլորտներում, նույնիսկ Հայաստանում արտադրվող ապրանքների պարագայում, այս միտումը նույնպես կարելի է նկատել։ Հասարակ մի օրինակ բերեմ. շշալցված խմելու ջուրը մեզ մոտ երեք անգամ ավելի թանկ է, քան Միացյալ Նահանգներում, Եվրոպայում նույն ջուրը կարելի է գնել երկու անգամ էժան։ Նույնը կարելի է ասել բազմաթիվ այլ ապրանքների մասին։ Պատճառները շատ են. արտարժութային տարբերություններ, թանկ բեռնափոխադրում, միջազգային շուկաներում հումքի և արտադրության թանկացում և այլն։ Այստեղ էլ, սակայն, լուրջ հիմնավորումներ պետք է լինեն. միայն թվերին նայելով՝ չի կարելի եզրակացնել, թե միայն դեղերն են թանկանում։ Գուցե կան որոշ կազմակերպություններ, որոնք գերշահույթներ են հետապնդում։ Մեր միությունն ունի էթիկայի ընդունված նորմեր, մի շարք փաստաթղթեր, որոնցով տեղական շուկայում առաջնորդվում են դեղարտադրողների և ներմուծողների միության անդամ կազմակերպությունները։ Բացի այդ, հարկային և մաքսային օրենսդրությունը նույնպես պատճառ է դառնում, որ մինչև վաճառակետ հասնելը դեղորայքն է՛լ ավելի թանկանա։ Հեշտ է ներմուծողներին մեղադրելը։ Իհարկե, բոլորս էլ կուզենանք էժան վաճառել, բայց պետք է իսկապես ծանոթանալ նրանց աշխատանքի պայմաններին` պատկերացնելու համար իրական ճանապարհը և այն գործոնները, որոնք ազդում են գնագոյացման վրա»։
Տեսակետ կա, որ որոշակի դեղերի վրա պետք է սահմանային գներ կիրառվեն, որ դրանք ավելի թանկ չհանվեն վաճառքի, ինչպես շատ երկրներում։ Սամվել Զաքարյանը կարծում է, որ կան առաջին կարևորության դեղեր, որոնց վրա կարելի է կիրառել սահմանային գներ. «Նման փորձ միջազգային պրակտիկայում նույնպես կա։ Բայց ներմուծողների և արտադրողների արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ մտցնելը, կարծում եմ, բիզնեսի վրա ճնշում կգործադրի։ Արդյունքում կտուժի տնտեսությունը, ինչու չէ, նաև ժողովուրդը, քանի որ հայաստանյան արտադրողները շատ փոքր ծավալներով են շուկա մուտք գործում և չեն կարող ապահովել ամբողջ պահանջարկը։ Մինչդեռ ներմուծողներն են ապահովում հիմնական կարիքները»։
Դեղը, ըստ Սամվել Զաքարյանի, պետք է լինի անվտանգ, արդյունավետ և որակյալ։ Սա բխում է դեղի ոչ սովորական սպառման ապրանք լինելուց: Դեղը մարդու կյանքի որակը պայմանավորող ապրանք է: Հայկական դեղերը, ըստ մասնագետների, որակական հատկանիշներով չեն զիջում արտասահմանյաններին։ «Հայաստանում հիմնականում արտադրվում են գեներիկ դեղեր, որոնք բրենդային դեղերի փոխարինողներն են։ Դրանք անցնում են բավականին լուրջ փորձարկումներ, լաբորատոր ստուգումներ, գրանցվում են դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում։ Բացի այդ, մեր նյութերն օրգանիկ են, առանց քիմիական պարունակության, իսկ գներն անհամեմատ մատչելի են, նույնիսկ 10-30 անգամ էժան, քան արտասահմանյան համապատասխան դեղերը, իսկ որակական հատկանիշներով բոլորովին չեն զիջում վերջիններիս։ Մեր ազգային մտածելակերպն է, երևի, պատճառը, որ արտասահմանյան արտադրանքին ավելի շատ ենք վստահում, քան մեր ունեցածին։ Կան կայացած, խոշոր դեղագործական կազմակերպություններ, որոնց հետ մրցակցելն ուղղակի անհնար է։ Այդ է պատճառը, որ մեր դեղարտադրողների հիմնական թիրախը ներքին շուկան է և ԱՊՀ երկրները։ Նույնիսկ կան դեղամիջոցներ, որոնք իրենց պարամետրերով ավելի լավն են, քան արտասահմանյանը։ Մեր արտադրողները շատ լուրջ են վերաբերվում իրենց աշխատանքին, քանի որ նրանց սպառողները հիմնականում Հայաստանում են։ Իսկ պարտավորություններն այստեղ ավելի մեծ են, քանի որ գնորդներն իրենք են ու իրենց հարազատները»,- նշում է դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրենը։
Տեղական արտադրության դեղ չգնելու հիմնական պատճառներից մեկը խորհրդային ժամանակներից եկած մտածելակերպն է, թե միայն արտասահմանյանն է լավորակը: Մեծ նշանակություն ունի նաև տեղեկացվածության պակասը, այն լրացնելու գործում անելիքներ ունեն և՛ պետությունը, և՛ տեղական արտադրողը։ «Օրինակ, դեղատան վաճառողը յուրաքանչյուր դեղի վաճառքից ունի իր տոկոսային հասույթը։ ՈՒստի ավելի ձեռնտու է թանկը վաճառել, որպեսզի եկամուտն ավելի շատ լինի։ Մենք նույնիսկ փորձ էինք անցկացրել դեղատներում։ Այցելելով ասում էինք՝ ունենք այսինչ խնդիրը, ինչի համար պահանջում էինք համապատասխան դեղամիջոց։ Վաճառողը միանգամից առաջարկում է ամենաթանկը։ Մեր բազմաթիվ խնդրանքներից հետո, միայն վերջում դժկամությամբ տալիս է հայկական փոխարինողը։ Պատկերացրեք, վաճառողն առաջարկում էր 5 հազար դրամանոց դեղ, մինչդեռ ստիպված էր վաճառել 300-500-դրամանոց հայկական փոխարինողը։ Ենթադրում եմ, որ որոշ բժիշկներ կա՛մ չեն վստահում հայկական դեղերին, կա՛մ էլ իսկապես ծանոթ չեն հայրենական արտադրության դեղամիջոցներին ու նրանց որակին, այդ պատճառով առաջարկում են արդեն ծանոթ դեղամիջոցներ։ Հասկանալ այդ վաճառողին կամ բժշկին, թերևս, կարելի է։ Այս ամենում կա նաև մեր արտադրողների մեղքը, քանի որ մինչ այժմ չեն ներկայացել շուկային։ Այս խնդիրը շտկելու կարիք կա։ Մենք առաջիկայում նախատեսում ենք քարոզարշավ անցկացնել՝ հայ սպառողին և բժիշկներին ծանոթացնելու հայկական դեղագործական ընկերությունների արտադրանքին, որակական հատկանիշներին։ Հայ դեղարտադրողները տարեկան 100 մլն դոլարի հասնող մասնաբաժին ունեն ՀՆԱ-ում, ուստի այդ արտադրանքը պատշաճ կերպով պետք է ներկայացվի մեր սպառողին»։
Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրենը կարծում է, որ դեղագործությունը Հայաստանում գերակա ճյուղ պետք է համարվի. «Դրա համար և՛ ավանդույթներ ունենք, և՛ բարձրակարգ մասնագետներ, և սա այն արտադրությունն է, որ քիչ նյութատար է ու հեշտ փոխադրվող։ Այժմ միությունում քննարկվում է այդ հարցը։ Կարծում եմ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտների հետ դեղագործությունը նույնպես պետք է դառնա գերակա ճյուղ, և ստեղծվեն պայմաններ՝ ոլորտը զարգացնելու համար։ Դեղարտադրողների և ներմուծողների միությունը բարձրացնելու է նաև մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես պետք է ընդունվեն դեղագործության եվրոպական չափանիշներ, դեղարտադրող կազմակերպություններում պետք է մեկնարկի GMP կամ ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն) ներդրման գործընթացը, ինչը թույլ կտա առանց խոչընդոտների դուրս գալու եվրոպական շուկա։ Իհարկե, այսօր էլ մեր հայկական արտադրանքն արտահանվում է հիմնականում ԱՊՀ երկրներ, սակայն ներուժը բավականին մեծ է, քանի որ մեր արտադրանքը, որակյալ լինելուն զուգահեռ, ավելի մատչելի է, ինչն էապես մրցունակ է դարձնում հայկական դեղերը միջազգային շուկայում»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ.- Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն օրերս որոշում կայացրեց` դեղորայքի շուկայում գործող մի շարք ընկերությունների նկատմամբ դադարեցնել վարույթը, որը հարուցվել էր նոյեմբերին՝ հակամրցակցային համաձայնության փաստի վերաբերյալ: Վարույթի ընթացքում չի հաստատվել այդ ընկերությունների մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը: Ընդ որում, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանի՝ մեկ ամիս առաջ տված հրաժարականը որոշ աղբյուրներ կապում են հենց դեղորայքի շուկայում իրականացված ուսումնասիրությունների հետ։